H. pylori-ն համարվում է աշխարհի ամենատարածված վարակը և ավելի հաճախ հանդիպում է զարգացող երկրներում։ Տարբերով հաշվարկներով, չափահաս մարդկանց շուրջ կեսն արդեն մանկական տարիքում վարակվել է և ստամոքսում ունի այս բակտերիան, թեև տեղյակ չէ այդ մասին։
Վարակը տարածվում է թքի, կղանքի և փսխման զանգվածների հետ անմիջական շփման միջոցով, ինչպես նաև վարակված սնունդ կամ ջուր օգտագործելիս: H. pylori-ով և այլ միկրոբներով վարակվելու ռիսկը կարող է նվազեցվել անձնական հիգիենայի և սննդի անվտանգության կանոնների պահպանմամբ:
H. pylori-ն կարող է ախտահարել ստամոքսի լորձաթաղանթը՝ այն խոցելի դարձնելով իրենից թթու ներկայացնող ստամոքսահյութի նկատմամբ, իսկ որոշ գործոնների առկայության պայմաններում՝ առաջացնել ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդություններ հանդիսացող ստամոքսի խոցի և քաղցկեղի զարգացմանը։
Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ վարակված է H. pylori բակտերիայով, քանի որ մեծամասամբ հիվանդությունը անհանգստություն պատճառող որևէ գանգատ կամ ախտանիշչի առաջացնում: Այնուամենայնիվ, եթե ունեք պեպտիկ խոցի ախտանիշներ, բժիշկը կարող է առաջարկել, որ անցնեք H. pylori-ի հայտնաբերման թեստ:
Հայտնաբերվելուց հետո H. pylori-ն կարող է բուժվել առնվազն երկու տարբեր հակաբիոտիկներով։
Եթե անհանգստացած եք ձեզ մոտ H. pylori-ի առկայության վերաբերյալ, զրուցեք այս թեմայով ձեր բժշկի հետ։
Ախտանշաններ
H. pylori վարակ ունեցող բազմաթիվ մարդիկ երբեք որևէ գանգատ կամ ախտանիշ չեն ունենում:
Դեռևս անհայտ պատճառներով որոշ մարդիկ ի ծնե կարող են ունենալ Helicobacter pylori (H. pilory) բակտերիայի վնասակար ազդեցությունների նկատմամբ ավելի բարձր կայունություն:
Այնուամենայնիվ, եթե H. pylori վարակնառաջացնում է ախտանիշներ, ավելի հաճախ ի հայտ են գալիս հետևյալ գանգատները՝
- որովայնի վերին հատվածներում (վերորովայն կամ ստամոքսի շրջան) բութ կամ այրող բնույթի ցավեր
- որովայնային ցավ, որը սաստկանում է դատարկ ստամոքսի պայմաններում
- սրտխառնոց
- ախորժակի կորուստ
- հաճախակի գղտոցներ
- որովայնի փքվածություն
- չնախատեսված քաշի կորուստ:
Ե՞րբ դիմել բժշկին
Հանդիպեք ձեր բժշկին, եթե ունեք ձեզ անհանգստություն պատճառող գանգատներ:
Դիմեք անհապաղ բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն, եթե ունեք՝
- սուր կամ կայուն որովայնային ցավեր
- կլման դժվարացում(դիսֆագիա)
- արյունոտ կամ սև ձութանման կղանք
- արյունոտ կամ սև սուրճի նստվածքի նմանվող փսխումներ:
Պատճառներ
H. pylori բակտերիան կարող է մի անձից մյուսին փոխանցվել ուղղակի շփմամբ` թքի (օրինակ՝ համբուրվելիս, նույն սպասքից օգտվելիս), փսխման կամ կղանքային զանգվածների միջոցով: Բակտերիան նաև կարող է տարածվել վարակված սննդով կամ ջրով:
Մարդիկ այս բակտերիայով սովորաբար վարակվում են փոքր հասակում, թեև վարակումը կարող է տեղի ունենալ նաև չափահաս տարիքում։ H. pylori-ն տարածվում է հետևյալ ուղիներով՝
- բերանից բերան շփումով, օրինակ՝ համբուրվելիս
- վարակված մարդու հետ նույն սննդամթերքից կամ խոհանոցային պարագաներից ու սպասքից օգտվելիս
- վարակված մարդու փսխման զանգվածների կամ կղանքի հետ շփվելիս
- վարակված սննդի կամ ջրի միջոցով։
Ռիսկի գործոններ
H. pylori բակտերիայով հաճախ վարակվում են մանկական տարիքում: H. pylori վարակը կապված է մանկական տարիքում կենցաղային պայմանների հետ, օրինակ՝
- բազմանդամ ընտանիքներ՝ սուղ բնակարանային պայմաններում
- մաքուր ջրի սահմանափակում
- սանիտարա-հիգիենիկ անբարվոք պայմաններ
- ընտանիքում H. pylori վարակած անձ:
Բարդություններ
Helicobacter pylori (H. pylori) վարակը կապված է որոշ բարդությունների առաջացման հետ:
- Խոցեր. H. pylori բակտերիան կարող է վնասել ստամոքսի և բարակ աղիների պաշտպանական լորձաթաղանթը, որի պատճառով ստամոքսի թթուն առաջացնում է փոքր բաց վերք՝ խոց: H. pylori-ով վարակված մարդկանց շուրջ 10%-ի մոտ զարգանում է պեպտիկ խոց:
- Ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում. H. pylori վարակը կարող է գրգռել ձեր ստամոքսը և առաջացնել բորբոքում (գաստրիտ):
- Ստամոքսի քաղցկեղ. H. pylori վարակը հանդիսանում է ստամոքսի քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հզոր ռիսկի գործոն:
Կանխարգելում
Աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ Helicobacter pylori (H. pylori) վարակը և դրա բարդությունները տարածված են, բժիշկները երբեմն առողջ մարդկանց առաջարկում են H. pylori-ի թեստ:
Ախտորոշում
Կան Helicobacter pylori (H. pylori) վարակը հայտնաբերող տարբեր ախտորոշիչ թեստեր և միջոցառումներ:
- Արյան թեստ. արյան նմուշի լաբորատոր հետազոտութությունը կարող է հայտնաբերել H. pylori վարակի նախկին կամ ներկա առկայության մասին վկայող տվյալներ (հակամարմիններ): Այնուամենայնիվ, շնչական և կեղտի հետազոտություններն ավելի հաջող կերպով են հայտնաբերում ակտիվ H. pylori վարակը, քան արյան թեստը:
- Շնչական թեստ. այս հետազոտությամբ ձեր արտաշնչած օդի մեջ հայտնաբերվում է ակտիվ H. pylori վարակի առկայությունը վկայող տվյալ: Նկատի ունեցեք, որ թեստի արդյունքները կարող են շեղվել, եթե օգտագործում եք ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղեր կամ հակաբիոտիկներ:
- Կղանքի հետազոտություն. այս հետազոտությամբ կղանքի նմուշի մեջ որոշվում է H. pylori բակտերիայի հետ կապված օտարածին սպիտակուցների՝ հակածինների (անտիգեն) առկայությունը: Ճշգրիտ տվյալներ ստանալու համար խորհուրդ է տրվում կղանքի թեստ անցկացնել ստամոքսի թթվայնությունը նվազեցնող դեղերի օգտագործումը դադարեցնելուց առնվազն երկու շաբաթ հետո:
- Էնդոսկոպիկ թեստ. այս հետազոտությամբ գաստրոսկոպիայով ձեր ստամոքսի լորձաթաղանթից վերցվում է փոքր կտոր, որի մեջ ստուգվում է H. pylori բակտերիայի կամ դրա հակածնի առկայությունը: Որպես ինվազիվ թեստ, այս միջոցին դիմում են ծայրահեղ դեպքում, երբ նախորդ հետազոտությունների արդյունքները կասկածելի են:
Բուժում
Հելիկոբակտեր պիլորի վարակը բուժելիս տարբեր խմբի հակաբիոտիկների նշանակումը օգնում է որևէ առանձին հակաբիոտիկի նկատմամբ բակտերիայի կայունության զարգացման կանխարգելմանը:
Բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ թթվայնությունն ընկճող որևէ դեղամիջոց, որը կարող է նպաստել ստամոքսի լորձաթաղանթի լավացմանը:
- Պրոտոնային պոմպի արգելակիչներ (ինհիբիտորներ). այս դեղամիջոցները դադարեցնում են ստամոքսում թթվի արտադրությունը:
- Հիստամինային (H-2) պաշարիչներ (բլոկատորներ). այս դեղամիջոցները պաշարում են հիստամինը, որը խթանում է թթվի արտադրությունը:
- Բիսմութի սուբսալիցիլատ. Բիսմութն ծածկում է խոցը և պաշտպանում ստամոքսի թթվից:
Բժիշկը նաև կարող է առաջարկել, որ բուժումն ավարտելուց առնվազն 4 շաբաթ հետո անցնեք H. pylori բակտերիայի ստուգման թեստ: Եթե թեստը ցույց է տալիս, որ բուժումն արդյունավետ չի եղել, ձեզ կարող է նշանակվել բուժման երկրորդ կուրս՝ այլ զուգակցված հակաբիոտիկներով: